Հունիսի 26-ին Արարատբանկը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գումարեց բաժնետերերի տարեկան ժողովը: Ինչպես ընդունված է՝ ծանրակշիռ բանկերի տարեկան գործունեության ամփոփումների ժամանակ՝ ներկա են լինում պետական պաշտոնյաներն ու գործընկերները, որ իրենց ելույթներում գնահատում են բանկի աշխատանքը: Արարատբանկի խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, ով վարում էր բաժնետերերի տարեկան ժողովը, այդ նպատակով խոսքը տվեց Կենտրոնական բանկի փոխնախագահ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻՆ։ Նա գոհունակությամբ նշեց, որ բազմամյա գործունեության ընթացքում Արարատբանկը կարևոր դեր է ունեցել Հայաստանի բանկային համակարգի կայացման ու զարգացման գործում և շարունակում է մնալ առաջատար: «Վարելով ակտիվ վարկային քաղաքականություն և ներգրավված լինելով սոցիալական ուղղվածության ծրագրերում՝ Արարատբանկը մշտապես նպաստում է Հայաստանի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ճյուղերի զարգացմանը: Վերջին երեք-չորս տարիներին բանկն ունեցել է ակտիվների և վարկերի բարձր միջին տարեկան աճ, մեր հաշվարկներով՝ 17-20 %, միևնույն ժամանակ բանկն ապահովում է վարկերի բարձր վերադարձելիություն, որը կարևոր է ռիսկերի կառավարման տեսակետից և վկայում է, որ բանկն ունի ներքին հսկողության լավ զարգացած համակարգ: Մենք կարևորում ենք փաստը, որ բանկը բաժնետիրական է և ունի մեկից ավելի բաժնետերեր, նաև՝ ինստիտուցիոնալ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Արարատբանկի ակտիվ քաղաքականությանը մեծապես նպաստում է մասնաճյուղերի աշխարհագրական լայն ցանցը՝ 50-ից ավելի բաժանմունքներ: Սովորաբար այդքան բաժանմունքներ ունենում են նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած բանկերը, իսկ Արարատբանկը կարողացել է ինքնուրույն ստեղծել բաժանմունքների մեծ ցանց, որոնք ապահովում են բարձրակարգ բանկային ծառայություններ: Լինելով առաջին կորպորատիվ բաժնետոմս թողարկող բանկը Հայաստանում, Արարատբանկը շարունակում է ակտիվ մասնակցել պարտատոմսերի շուկային՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը: Դա բխում է նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունից, որ բանկերը աստիճանաբար պետք է կարողանան իրենց պարտավորությունները դիվերսիֆիկացնել, նոր աղբյուրներ ավելացնել՝ երկարացնելով ժամկետները»։ Ներսես Երիցյանը հավարտ շնորհակալություն հայտնեց բանկի ղեկավարներին, աշխատակիցներին ու բաժնետերերին՝ Հայաստանի ֆինանսական համակարգի, կապիտալի շուկայի, տնտեսության զարգացման գործընթացում ունեցած ավանդի համար և մաղթեց ֆինանսական կայունություն ու նորանոր ձեռքբերումներ:
Հայաստանի բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ կարծում է, որ Արարատբանկն իր գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկել առաջադիմությամբ, նորարարական մոտեցումներով և բազմաթիվ բաժնետերերի շահերի անշեղ պաշտպանությամբ: Արարատբանկն առաջինը Հայաստանում 2007-ին որպես ֆինանսական նոր գործիք թողարկեց արժեկտրոնային պարտատոմսեր և անցած տարիներին միշտ եղել է արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակից՝ այս ամիս իրականացնելով պարտատոմսերի 9-րդ թողարկումը, որը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և ուղղել տնտեսության վարկավորմանը, մյուս կողմից՝ հաճախորդներին առաջարկել խնայողությունների պահպանման և ավելացման այլընտրանքային տարբերակ: «Արարատբանկն առաջիններից վերակազմավորվեց բանկ` բաց բաժնետիրական ընկերության՝ ճանապարհ բացելով ինստիտուցիոնալ ռազմավարական կառույցների առաջ՝ ընդգրկվելու բաժնետերերի կազմում: Հարգարժան Բարսեղ Բեգլարյանը բաժնետոմսերի մի մասի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրման հաջորդ պահին կես կատակ, կես լուրջ ասաց՝ գիտեք հե՞շտ է սեփականությունից ինքնակամ հրաժարվելը, բայց բանկի զարգացման ու բոլոր բաժնետերերի շահերը պահանջում էին գնալ այդ ճանապարհով: ԲԲԸ-ների տեսքով Հայաստանում բանկերի ստեղծման ջատագովներից է ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ: Ակնհայտ է, որ այսօր Արարատբանկը ցանկացած պարագայում խնդիրներ չի ունենա ընդհանուր կապիտալի գծով Կենտրոնական բանկի նորմատիվային նոր պահանջի կատարման առումով, քանի որ արդեն մի քանի տարի դիտարկում է մեկ այլ բանկ իրեն միացնելու հեռանկարը: Մաժորիտար բաժնետերերը կմասնակցեն կապիտալի համալրմանը բոլոր դեպքերում: Բոլոր բաժնետերերը պետք է գոհ լինեն բանկի անցյալ տարվա գործունեությունից, երբ բարդ պայմաններում բանկի գործադիր մարմինը, ի դեմս Աշոտ Օսիպյանի, կարողացել է ապահովել հիմնական ցուցանիշների երկնիշ աճ, ստանալ պատկառելի զուտ շահույթ, որը մոտենում է մեկ միլիարդի»,- ասաց Սամվել Ճզմաչյանը: Նա շեշտեց, որ Արարատբանկն ունի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով օժտված աշխատանքային կոլեկտիվ և, որպես Հայաստանի բանկերի միության նախագահ կարևորեց Արարատբանկի ակտիվ մասնակցությունը Հայաստանի բանկերի միության աշխատանքներին, որ ուղղված են համակարգային խնդիրների լուծմանը:
Հիմնական բաժնետերերից մեկի՝ ՎԶԵԲ-ի տնօրեն ՄԱՐԿ ԴԵՎԻՍԸ բարձր գնահատեց Արարատբանկի հետ համագործակցությունը, նա ևս բանկը համարում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որ շարունակում է առևտրի ֆինանսավորման համար միջոցներ ստեղծել: Մարկ Դևիսը առանձնացրեց ՓՄՁ-ներին ուղղված ծրագրերը, որոնք կարևոր են Հայաստանի բանկային համակարգի ու կապիտալի շուկայի զարգացման համար: Նա վստահություն հայտնեց, որ ՎԶԵԲ-ի և Արարատբանկի արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է, ընդգրկելու է նոր ծրագրեր, և ինչպես հաջող ավարտվել է հաշվետու տարին, այնպես էլ կանցնի 2016-ը: Որպես բանկի խորհրդի նախագահ և խոշոր բաժնետերերից մեկը՝ Բարսեղ Բեգլարյանը ՎԶԵԲ-ին շնորհակալություն հայտնեց երկար տարիների աշխատանքի, կառուցողական և արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ անցած տարիներին ՎԶԵԲ-ը որևէ խոչընդոտ չի հարուցել և ամեն ինչով աջակցել է, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ համագործակցությունը երկար կտևի:
Բանկի խորհրդի անդամ բելգիական «Ինկոֆին» ընկերության ներկայացուցիչ ԴՈՆԱ ԿԱԴԻՐՈՎԱՆ հիշեցրեց, թե ինչու երկու տարի առաջ «Ինկոֆինը» որոշեց ներդրումներ անել Արարատբանկում: «Արարատբանկն առավել դինամիկ, զարգացող բանկերից մեկն է Հայաստանում: Հինգ տարում բանկի միջին աճը կազմել է հինգ տոկոս, բանկն ունի ուժեղ և բարձր որակավորմամբ աշխատակազմ, որը բանկի որակական ու քանակական բարձր ցուցանիշների հիմնական ապահովողն է: Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ունի տասնհինգ տարուց ավելի աշխատանքային ստաժ բանկային ոլորտում և հիանալի հեղինակություն Հայաստանի բանկիրների միջավայրում»: Դոնա Կադիրովան շեշտեց, որ Արարատբանկի կորպորատիվ կառավարման կառուցվածքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նա բարձր գնահատական տվեց Արարատբանկի և «Ինկոֆինի», ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի, Եվրասիական բանկի և միջազգային այլ ընկերությունների հետ համագործակցությանը: Դոնա Կադիրովան շեշտեց, որ անկախ այլ բանկերի հետ համագործակցությունից՝ Արարատբանկը հաջողությունների է հասել փոքր ու միջին բիզնեսի վարկային աջակցության ծրագրերում, որ հատկապես կարևոր է Հայաստանի տնտեսության համար:
Արարատբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ ներկայացրեց բանկի ընթացիկ և ռազմավարական խնդիրները, հընթացս պատասխանելով այն հարցադրումներին, որ առաջադրել են բանկի բաժնետերերը և հաճախորդները: Բանկի առաջին մարտահրավեր Աշոտ Օսիպյանը համարեց ակտիվների արժեքը կայուն պահելը, երկրորդը՝ իրացվելիությունը, երրորդը՝ գործունեության արդյունավետության բարձրացումը և ինտեգրումը բանկի բոլոր շահառուների միջև: Բանկի ակտիվների 76 %-ից ավելին ներդրումներ են, ուստի Աշոտ Օսիպյանը կարևորեց վարկային փաթեթը ադեկվատ պահելը, այսինքն՝ տրամադրված մեկ միավորի վարկը որոշակի ժամանակ անց պետք է ունենա մեկ միավոր արժեք: Այդ նպատակով անցյալ տարվանից բանկն անցել է պատասխանատու ֆինանսավորման, երբ բանկն իր վարկառուների համար պատասխանատվություն է կրում: Փոխվել է ռիսկերի կառավարման մակարդակը, կիրառվում են վարկային ռիսկի գնահատման միջազգային մոդելներ, անցած տարի բանկում ներդրվել է գործառնական ռիսկի կառավարման մեթոդը, որը բերում է ռիսկերի նվազում: «Քանի որ մենք ապրում ենք տուրբուլենտ ժամանակահատվածում, վարկառուների մոնիթորինգ ենք անում ամենժամյա ռեժիմով: Դա շատ ծանր աշխատանք է, բայց մենք միշտ պիտի լինենք հաճախորդի կողքին, հասկանանք նրա խնդիրները, որպեսզի կարողանանք լուծումներ տալ»,- ասաց Աշոտ Օսիպյանը: Նա երկար ու հանգամանալից ներկայացրեց հաշվետու տարում բանկի գործունեությունը, որը վերարտադրելը մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում, բայց շարքային մահկանացուներիս համար շատ ավելի կարևոր են արդյունքները, քան այդ արդյունքների ձեռքբերման մեխանիզմներն ու մանրամասները, ուստի և՛ Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի, և՛ գործադիր տնօրենի տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծավալուն ելույթները թողնելով բանկի բաժնետերերի գնահատմանը, նշեմ, որ 2014-ին ստացված զուտ շահույթից (2,843 մլրդ դրամ) 600 մլն դրամը կուղղվի պահուստային կապիտալի համալրմանը: Բանկը նախորդ տարվա արդյունքներով պահպանել է իր առաջատար դիրքերը շուկայում, կատարելով ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները: Ակտիվները նախորդ տարվա վերջին կազմել են 138,4 մլրդ, տարեկան աճը`10,5 %: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 10,4 %, մինչև 21,7 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 10,5 %, մինչև 116,7 մլրդ դրամ: Դրանց կառուցվածքում իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունները կազմել են 27,8 մլրդ դրամ (տարեկան անկումը` 18,2 %), իսկ ֆիզիկական անձանց համար` 10,7 մլրդ դրամ (տարեկան աճը` 27,4 %): Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 4,4 մլրդ դրամ (տարեկան աճը`18.9 %), իսկ ֆիզիկական անձանց համար` 22,7 մլրդ դրամ (տարեկան աճը` 2,2 %): Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են, քանի որ բանկը 3 անգամ վերանայել է ավանդների տոկոսադրույքները: Բանկի վարկային ներդրումներն աճել են 10,7 %, մինչև 66 մլրդ դրամ, այդ թվում, մանրածախ - 14,4 %, մինչև 30,2 մլրդ դրամ, կորպորատիվը - 9,6 %, մինչև 37,4 մլրդ դրամ: Բանկի ROE-ն 2014-ին կազմել է 14,1 % (նախորդ տարվա 17,2 % փոխարեն), ROA - 2,3 % (նախորդ տարվա 2,6 % փոխարեն): 2014-ի վերջին բանկն ունեցել է 207 595 հաճախորդ, տարեկան աճը`13,4 %: Բանկի թողարկած պլաստիկ քարտերի թիվը նույն ժամանակահատվածում աճել է 9,2 % և կազմել 128 445 քարտ: 2014-ին բանկը բացել է երկու մասնաճյուղ, հասցնելով մասնաճյուղային ցանցը 49-ի (2015-ին մասնաճյուղերի թիվը հասավ 50-ի):
Ամփոփելով բանկի անցած տարվա գործունեությունը՝ տարեկան ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը: Առաջին անգամ Արարատբանկը բաժնետերերին դիվիդենդներ վճարելու փոխարեն 2014-ին ստացված շահույթի հաշվին գերադասեց լուծել կապիտալիզացիայի հարցը, ընդհանուր կապիտալի նկատմամբ ԿԲ նորմատիվային նոր պահանջները կատարելու համար: Բանկի հիմնական բաժնետեր Բարսեղ Բեգլարյանը (64,24 %) ասաց, որ վերջին ամիսներին բանկը պարբերաբար դիվիդենդներ էր վճարում իր բաժնետերերին, բայց այսօրվա որոշումը պայմանավորված է բանկի կապիտալիզացիայի անհրաժեշտությամբ, քանի որ 2017 թվականից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ դրամ, ներկա` 5 մլրդ դրամի փոխարեն: Առարկողներ չեղան:
Հավարտ տարեկան ժողովի՝ Աշոտ Օսիպյանին հարցրի.
-Եթե Արարատբանկի նշանաբանը մնում է «Արժեքներ ստեղծելով», ո՞րն է հիմնական արժեքը Ձեզ համար:
-Մեր ստեղծած հիմնական արժեքը ընկերության ձևավորումն է, որը չի գնում կարճաժամկետ շահույթի հետևից, մեր բաժնետերերն ունեն երկարաժամկետ շահերով առաջնորդվող բանկ ԲԲԸ, որը նրանց համար ապահովում է հավելյալ արժեք և կայունություն:
-Այսինքն՝ բանկային գործունեության հիմնական նպատա՞կը:
-Դա բանկային գործունեության հիմնական նպատակը չէ, դա Արարատբանկ ԲԲԸ-ի հիմնական նպատակն է, բանկային գործունեության հիմնական նպատակը վարկեր տալը և ավանդներ ընդունելն է:
Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանին հարցրի.
-Դուք ասացիք, որ հաշվի առնելով բանկերի խոշորացման Կենտրոնական բանկի որոշումը, այս տարի բանկը բաժնետերերին շահաբաժին չի հատկացնում, մինչև 2017-ի հունվարի 1-ը բանկը պիտի ապահովի ԿԲ-ի սահմանած կապիտալը, սպասվում է ծանր տնտեսական տարի, հուսո՞վ եք, որ պատվով դուրս կգաք: Այդ հայտարարությունը կարո՞ղ է բանկի գործունեության վրա ազդել:
-Ինչպե՞ս:
-Հաճախորդների թվի, ավանդների ծավալի կրճատմամբ:
-Ոչ, Հայաստանում բանկերի խոշորացում է սպասվում, այսօր գործում են քսաներկու բանկեր, կարծում եմ՝ դա բավականին շատ է փոքրիկ Հայաստանի շուկայի համար: Չգիտեմ՝ ովքեր կդիմանան մրցակցությանը, տարիուկես դեռ ունենք և հուսով ենք ու վստահ, որ Արարատբանկը կլինի սահմանված ժամկետից հետո գործող բանկերի թվում:
-Արարատբանկին այլ բանկեր կմիանա՞ն:
-Կյանքը ցույց կտա, չշտապենք, ժամանակ դեռ կա, մենք պիտի մտածենք՝ ինչ միջոցներով բանկը համալրել ֆինանսական կապիտալով:
-Դուք ասացիք, որ ծանր ֆինանսական տարի է սպասվում, բանկը պատրա՞ստ է այդ ծանրությանը դիմակայել:
-Անցած տարին մենք հաջող ավարտեցինք, ինչպես բոլորը, այնպես էլ մենք պարտավոր ենք վերակառուցել մեր աշխատանքները՝ ելնելով տնտեսության վիճակից:
-Ի՞նչ է դա նշանակում բանկային գործունեության մեջ:
-Աշոտ Օսիպյանն այդ բոլոր հարցերին պատասխանեց: Ես վստահ եմ, որ Արարատբանկ ԲԲԸ-ն հաջողությամբ կլուծի իր խնդիրները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, անդրադառնալով հետագա ռազմավարական ծրագրերին, ասաց, որ Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջը կատարելու համար Արարատբանկը մեկ այլ բանկ գնելու խնդիր ունի, բայց և չբացեց փակագծերը, պարզապես կարևորեց ակտիվների արժեքի կայունության, բանկի իրացվելիության պահպանումը, բանկի գործունեության արդյունավետության բարձրացումը և շահառուների ինտեգրումը: